
Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյանը այն 65 բնակիչներից մեկն է, ով դատական կարգով իր կորցրած հողերի համար փոխհատուցում է պահանջում։ Փոխհատուցում է պահանջում ոչ միայն 7,5 հա հողի, այլ նաև 2008 թվականից մինչ օրս այդ հողից ստանալիք եկամտի համար։
2008 թվականին Թեղուտ և Շնող գյուղերի շատ հողատարածքներ ճանաչվեցին հանրային գերակա շահ և անցան «Թեղուտ» ընկերությանը։
Մարտին Շախկյանն ասում է՝ իր 2 բաժին հողամասի համար (2300մ և 600 մ) ընդամենը 220 հազար դրամ են առաջարկել։ Ի նշան բողոքի, մինչ օրս չի վերցրել այդ գումարը։ Հիմա տնամերձից բացի ոչ հող ունի, ոչ ապրուստի միջոց։ «Պիտի գոնե որպես այլընտրանք՝ աշխատանք տային, բայց ոչ մի բան տեղի չունեցավ, քանի տարի է դիմում եմ, որ գոնե աշխատանքով ապահովեն, որ մեր տանը ապրենք, բայց ծանոթ բարեկամներով է ամեն ինչ։ Գնացի Մոսկվա, 8 տարի աշխատեցի, հեղափոխությունից հետո վերադարձա, որովհետև ուզում եմ իմ ծննդավայրում ապրել, բայց ապրել մարդավարի, մարդավարի ասելով ի նկատի ունեմ այն, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն»,-ասում է Թեղուտի բնակիչը։
«5 տարի հետո, 20 տարի հետո ի՞նչ է լինելու մեր վիճակը, ի՞նչ ենք տալու մեր սերունդներին, պահանջում ենք, որ մեր ջուրը լինի մաքուր, որ մեր սերունդներին փոխանցելու բան ունենանք»,-ասում է Թեղուտի մեկ այլ բնակիչ Եղիշե Հոբոսյանը, ով ևս կորցնելով հողերն ու ապրուստի միջոցը՝ զրկվել է նաև աշխատանքից։
Ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի` միջազգային կազմակերպության 2021թ․ կատարված հետազոտության արդյունքներով պարզվել է, որ այս տարածքում մկնդեղի պարունակությունը բարձր է թե գյուղատնտեսական հողերում, թե՝ մարդկանց օրգանիզմներում։ Նշում է՝ «Տեսանելի աչքով կարող է չերևա այդ ազդեցությունը, բայց գիտենք, որ այդ ազդեցությունը համայնքը կրում է։ Իսկ բնակիչներից ոչ բոլորը կարող են աշխատել Թեղուտում։ Որպեսզի սոցիալական բեևեռացում չառաջանա, կարևոր է, որ տնտեսության այլընտանքային ուղղություններ զարգանան»։ Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ ժամանակին պաչամբարը սխալ է կառուցվել։ Այժմ երկու միջազգային կազմակերպության փորձագիտական տվյալներով՝ այն ճանաչվել է վթարային։

